«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Ներբող Անպատվությանը

Ներբող Անպատվությանը
18.03.2026 | 15:33

(Պուշկինը՝ 2026-ի մարտի 17-ի հայելում)

Որքան էլ անհավատալի թվա, այնուամենայնիվ, փաստ է՝ երկար եմ փնտրել մտատանջող հարցի պատասխանը՝ «իրական» Հայաստանում ո՞րն է Պուշկինի «Ազատություն» ներբողի («Вольность» ода) գաղտնագիրը։

Տարբեր հրապարակումներում անդրադարձել եմ հիշյալ խնդրին ու չեմ պատկերացրել, որ գարնանային մի օր պատասխանը «հնչեցնելու» է «Հրապարակի» գլխավոր խմբագրի դեմ սկսված «սահմանադրական կարգի տապալման» վարույթը։

Արմինե Օհանյանի նկատմամբ կատարվողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ բարոյական սնանկության ցուցադրություն։

Բայց մինչ մանրամասների մեջ խորանալը, կարդանք Պուշկինի այն տողերը, որտեղ բանաստեղծը հանդես է գալիս ոչ թե որպես քնարերգու, այլ որպես բռնապետության դեմ հանդիման կանգնած դատավոր։

Տողեր, որոնք առավել ազդեցիկ ու արդիական են ամենակուլ, ամենակեր ու ամենամարս աղեստամոքսային տրակտի վերածված «խաղաղության խաչմերուկում»։

Самовластительный злодей!

Тебя, твой трон я ненавижу,

Твою погибель, смерть детей

С жестокой радостию вижу.

Читают на твоем челе

Печать проклятия народы,

Ты ужас мира, стыд природы,

Упрек ты Богу на земле.

Պուշկինը, որպես մարգարե, իր ներկայից հայացք է գցել ապագային ու տեսել 21-րդ դարում, եվրոպացի դեմագոգների բնութագրմամբ՝ «դեմոքըրըսի» կառուցող սերիական մարդասպանի եղկելի մարմնազանգվածն ու բնության սխալի անխուսափելի անկումը:

Բարձր արվեստը չի ճանաչում ժամանակ, ազգություն ու սահմաններ։ Պոետը «Вольность»-ով իր տեսիլքն է ավետել հետնորդներին, այդ թվում նաև մեզ՝ հայերիս, որպես նախազգուշացում և դատավճիռ։

Ներբողը, որը սովորաբար պետք է փառաբաներ վեհանձնությունը, Ալեքսանդր Սերգեևիչի գրչով դարձավ բռնակալության մերկացման զենք։

Պուշկինյան հենց այդ «զենքն» է այսօր ուղղված բոլոր նրանց դեմ, ովքեր պետությունը վերածել են անձնական «դուքանի», իսկ օրենքը՝ վրեժխնդրության մահակի։

Բացահայտենք «Вольность»-ի «պին-կոդը»։

«Самовластительный злодей!

Тебя, твой трон я ненавижу...»!

Հենց այս տողերում է թաքնված Հայաստանում այսօր որպես դատավճիռ հնչող գաղտնագիրը, որ է՝ «Ներբող Անպատվությանը»։

Ի՞նչ բառով որակել Արմինե Օհանյանի նկատմամբ կատարվածը։

Թերևս՝ պայքար։

Որը ոչ թե 2024-ին գրված ինչ-որ հոդվածի կամ խմբագրի մասին է, այլ պայքարի՝ Լույսի և Խավարի, Պատվի և Անպատվության հավերժական բախման։

Ապշեցուցիչ է լկտիությունը, որով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում է լրագրողը, մինչդեռ իրական տապալողը նստած է կառավարությունում։

Պուշկինի տողերը՝ «Ты ужас мира, стыд природы, упрек ты Богу на земле», այլևս գրականություն չեն։

Տողեր, որ գրվել են ավելի քան երկու դար առաջ, այսօր դարձել են հայաստանյան իրականության հայելին։

Կրկնեմ՝ եթե իրական սահմանադրախախտ հանցագործ են փնտրում, ապա թելերն ուղիղ տանում են դեպի վարչապետի աթոռը։

Ալգորիթմների ներկա դարում պատմությունն անմահացրել է ոչ հեռավոր անցյալի՝ 2008-ի Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակագրությունը։

Ամենայն ճշգրտությամբ արձանագրված են արյունոտ նախճիրը կազմակերպած գլխավոր հանցագործի քայլերը, սադրիչ հայտարարություններն ու սահմանադրական կարգը տապալելու կոչերը։

Հընթացս նաև այն, թե մահասփյուռ խառնակիչն ինչպես ծլկեց ասպարեզից՝ պատասխանատվությունը թողնելով զանգվածների ուսերին, և ինչպես ապաստան ու փրկություն գտավ հենց նույն Արմինե Օհանյանի օջախում։

Այսօր, տասնութ տարի անց, ՀՀ բոլոր ժամանակների գերագույն սահմանադրախախտն ու սերիական մարդասպանը պետական ապարատի ողջ հզորությամբ հարձակվում է այն մարդու վրա, ով իրեն ձեռք է մեկնել ամենածանր պահին։

Ճակատագրի ծաղր՝ կրկեսի վերածված ուժային կառույցը, վարչապետական վրեժխնդրությունն ի կատար ածողի նվաստ դիրքերից, ամենայն լրջությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրում է այն մարդուն, ով ժամանակին փրկել է հենց այդ կարգի իրական տապալողին։

Մեկին, որը հենց այսօր էլ զբաղված է ամենամեծ հանցագործությունն իրագործելով՝ փոխում է Մայր օրենքը․ թշնամու պահանջով փորձում է ի չիք դարձնել Անկախության հռչակագիրը։

Մարդ, որը Սահմանադրությունը դարձրել է սեփական կամայականությունների սպասարկման գործիք, իսկ ուժային համակարգը՝ իր անձնական պահնորդական ծառայությունը։

Պուշկինն իրավացի էր.

«Читают на твоем челе

Печать проклятия народы»։

Երբ վարչապետ կոչեցյալը դառնում է «աշխարհի սարսափը և բնության ամոթը» (ужас мира, стыд природы), նա այլևս չունի լեգիտիմություն։

Նա, ով 2008-ին ինքն էր «արմատուրաներով» զինվելու և ոստիկանների վրա հարձակվելու կոչեր անում, այսօր սարքովի մեղադրանքներով փորձում է լռեցնել ազատ խոսքը։

Սա իրավական նիհիլիզմի և երկակի ստանդարտների հերթական «կապիկ-շոուն» է, որի ընթացքում քաղաքական նպատակահարմարությունը խժռում է մարդկային ամենաթանկ արժեքների ողորմելի փշուրները։

Այնուամենայնիվ, ինչու՞ Արմինե Օհանյան։

Պատասխանը հազարամյակներ առաջ տվել է Տակիտոսը․ բռնակալն ամենաշատը վախենում է նրանցից, ովքեր տեսել են իրեն խղճուկ ու ողորմելի վիճակում։

Ներկա բռնապետիկի համար Արմինեի տանը թաքնվելու դրվագը հռոմեացի պատմիչի նկարագրած հենց այդ խղճուկ պահն է։

Հիշողություն, որը ճիճվի նման քրքրում-տանջում է, որովհետև մեծախոսության ինչ-որ ակնթարթի հանկարծ անսպասելի ուրվագծում է Արմինեի դռան առաջ սարսափից կծկված ու մի բուռ դարձած մարդասպանի դողդողացող կերպարը։

ՈՒ նա հոգեխանգարմունքի մեջ փորձում է ոչնչացնել իր անփառունակ անցյալի կենդանի վկաներին, որպեսզի մաքրի տղամարդուն ոչ հատուկ վախկոտության հետքերը։

Ըստ էության, 2026-ի մարտի 17-ին կամակատար դարձած քննչականը հայ հանդիսատեսի համար բեմադրեց «Մակբեթ» հայկական ռիմեյքը՝ շեքսպիրյան հանրահայտ ողբերգությունը վերածելով խեղկատակության։

Մերօրյա Մակբեթն իր նախատիպի նման չի տատանվում, այլ «վճռականորեն» փորձում է լվանալ արյունոտ ձեռքերը բոլոր նրանց ազատության հաշվին, ովքեր տեսել են իրեն թույլ, վախեցած ու փախստականի կարգավիճակում։

Դիպուկահարների և ոստիկանական պարսպի հսկողությամբ վարչապետական աթոռի բարձունքից սպառնալիքներ հնչեցնող կերպարը, որ ժամանակին թաքնվել էր Արմինեի տանիքի տակ, սնվել նրա սեղանին դրված խորտիկներով, այսօր փորձում է կերած հացը դարձնել մեղադրանք, իսկ հյուրընկալ օջախը՝ բանտախուց։

Ընտրությունների նախաշեմին հերթական ուրացմամբ հույս ունի լռեցնել սեփական վախկոտության ու փոքրոգության վկաներին և սարսափ տարածել երկրում։

Բայց վախը չի լքում այսահարին, վերածվում է հալածախտի։

«Ужас мира, стыд природы» դարձածն ամենուր «դավադրություն» է տեսնում կամ Թեհլիրյանի փառապանծ մատը։

Իսկ ականջը որդի նման կրծում են հանրահայտ տողերը․

- Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ․․․

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ